Մեր պետությունը պատրաստ է կռվելու, մենք շարունակում ենք պայքարել Ռուսաստանի դեմ․ Կուլեբա
«Մեր պետությունը պատրաստ է կռվելու, մենք շարունակում ենք պայքարել Ռուսաստանի դեմ, բայց մեզ անհապաղ օգնություն է պետք օդում հարձակումները հետ մղելու համար։ Եթե դուք դա չանեք, դուք ստիպված կլինեք կիսել Ուկրաինայի խաղաղ բնակչության կյանքի և տառապանքների պատասխանատվությունը, որը մահանում է ռուսական ավիացիայի հրթիռակոծությունից»: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ՆԱՏՕ-ի երկրներին ուղղված իր ուղերձում։
Ուկրաինայի դիվանագիտության ղեկավարը ևս մեկ անգամ կոչ է արել ՆԱՏՕ-ին հրատապ միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի երկինքը փակելու համար, ինչպես նաև խնդրել է Ուկրաինա տեղափոխել մարտական ինքնաթիռներ, որոնց օգնությամբ երկրի ռազմաօդային ուժերը կարող են արդյունավետորեն հակազդել ռուսական ռազմական ավիացիային։
«Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ զարգանում է այնպես, որ կգա այն պահը, երբ ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ կլինեն Ուկրաինային տրամադրել բառացիորեն ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանին կանգնեցնեն ամբողջ Եվրոպայի վրա հարձակվելու և եվրոպական երկրների կյանքը սարսափի վերածելու համար։ Ուզում եմ հավատալ, որ դուք կսկսեք վճռական գործել, քանի դեռ ուշ չէ»,- ասել է Կուլեբան։