Չափազանց նուրբ հարց ենք քննարկում․ բանակը համալրման խնդիրներ ունի․ Օհանյանը՝ զոհվածների ընտանիքի միակ արու զավակին ծառայությունից ազատելու մասին (տեսանյութ)
Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի, զինծառայողների սոցիալական պաշտպանությանը և նրանց հավասարեցված անձանց պաշտպանությանը միտված օրենքների փոփոխությունների նկատմամբ մենք դրական տեսակետ ունենք, և այդ առումով ես գտնում եմ, որ նման քայլերն անհրաժեշտություն են:
Այս մասին Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ ԱԺ բերած նախագծին, ըստ որի նախատեսվում է պատերազմում զոհված զավակ ունեցող ընտանիքների միակ արու զավակին հնարավորություն տալ ազատվել ժամկետային զինծառայությունից։
«Չափազանց նուրբ հարց ենք քննարկում, բայց ես կուզեի, որ հարցի քննարկումը և ընդունվող որոշումը երկու տեսանկյունից դիտվի: Առաջինը՝ պետությունների հզորությունների հաշվարկման տեսնակյունից, այսինքն՝ յուրաքանչյուր պետություն, տարածք, բնակչություն, տնտեսություն, բանակ, բանակի վերականգնման խնդիրներ, ռազմավարական նպատակ, հավաքական կամք և հայրենասիրական դաստիարակություն: Այս առումով՝ կարծում եմ, որ յուրաքանչյուր անձ, կապ չունի, թե ինչ կարգավիճակ ունի, պետք է համապատասխան մասնագիտական ունակություններ ձեռք բերի նաև զորահավաքային խնդիրների իրականացման առումով»,- ասաց նա: