Եթե զոհվածի մորն ասում ենք՝ էն մի տղայիդ էլ ուղարկի ծառայության, բա ինչի՞ չենք, օրինակ, Ջավախքից եկած ու ՀՀ քաղաքացիություն ստացած տղաներին թեկուզ շտաբային ծառայության տանում (տեսանյութ)
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ԱԺ նիստում ներկայացրեց իր հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Այն զորակոչիկները, որոնք ունեն պատերազմի ժամանակ զոհված հայր, մայր, քույր կամ եղբայր, հնարավորություն կունենան ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։
Հայկ Սարգսյանը նկատեց, որ եթե որևէ մեկն առարկում է այս նախագծին, ապա ինքը կարող է ներկայացնել թվեր, երբ բանակից տարբեր պատճառներով ազատվել են բազմաթիվ զինակոչիկներ։
Մյուս կողմից էլ նա նշեց, որ եթե չընդառաջեն պատերազմում զոհված զավակներ ունեցող ընտանիքներին այս հարցում, ապա խտրականություն կդնեն այլ երկրներից եկած ու միայն 27 տարեկանում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերածների միջև, ովքեր գալիս են Հայաստան, օգտվում բոլոր հնարավորություններից ու անգամ շտաբային ծառայության չեն անցնում Հայոց բանակում։
«Եթե զոհվածի մորն ասում ենք՝ էն մի տղայիդ էլ ուղարկի ծառայության, բա ինչի՞ չենք, օրինակ, Ջավախքից եկած ու ՀՀ քաղաքացիություն ստացած տղաներին թեկուզ շտաբային ծառայության տանում»,- ասաց Հայկ Սարգսյանը։