Ուկրաինայի Խերսոն քաղաքում հայ տղամարդ է զոհվել. News.am
Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով նախօրեին՝ մարտի 2-ին, ազգությամբ հայ, Ուկրաինայի քաղաքացի է զոհվել։ Դեպքը տեղի է ունեցել հարավային Խերսոն քաղաքում, որտեղ վերջին օրերին թեժ մարտեր էին ընթանում, քաղաքը նախօրեին, ինչպես Ռուսաստանն է հայտարարել, ամբողջությամբ անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ։
Դեպքի մասին News.am-ին հայտնել է Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը՝ չնշելով, սակայն, զոհված տղամարդու անուն ազգանունը։ Նա, ըստ հայ համայնքի ղեկավարի, զոհվել է իր բնակության վայրի մոտ, հարազատներին տարհանելիս, սակայն թե ինչ հանգամանքերում, պարզ չէ։
Հայ տղամարդու զոհվելու փաստը մեզ հետ զրույցում հաստատեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ կրկին չհայտնելով նրա ինքնությունը։