Կրեմլը հրաժարվել է նշել Ուկրաինայում ռուսական զորքերի կորուստները
TACC գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գիտի Ուկրաինա ներխուժման ժամանակ զորքերի կորուստների թիվը։ Այս մասին այսօր հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, նա գլխավոր հրամանատարն է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինին տեղյակ են պահում կորուստների մասին։
Նա, սակայն, կոնկրետ թվեր չի հայտնել՝ այս հարցը վերահղելով պաշտպանության գերատեսչություն։
«Ցավոք սրտի, չեմ կարող, դա բացառապես պաշտպանության նախարարության իրավասությունն է»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն Ուկրաինայի դեմ պատերազմի միայն չորրորդ օրը ճանաչել է Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ կորուստների առկայությունը։