ՌԴ-ն օդային գերակայություն է ձեռք բերել Ուկրաինայի ամբողջ տարածքում. գրավվել են Բերդյանսկ և Էներգոդար քաղաքները. ՌԴ ՊՆ
Ռուս զինվորականները օդային գերակայություն են ձեռք բերել Ուկրաինայի ողջ տարածքում: Երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ վերահսկողության տակ են վերցվել Ուկրաինայի Բերդյանսկ և Էներգոդար քաղաքները։
«Ընդհանուր առմամբ, գործողության սկզբից Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հարվածել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1114 օբյեկտի», - ասել է Կոնաշենկովը։ Նրա խոսքով՝ մասնավորապես, ոչնչացվել է ուկրաինական բանակի 31 հրամանատարական կետ ու կապի կենտրոն։
«Ոչնչացվել է 314 տանկ և այլ զրահատեխնիկա, 57 բազմակի հրթիռահրետանային կայանք, 121 դաշտային հրետանի և ականանետ, 274 միավոր հատուկ ռազմական մեքենա»,- ասել է նա։
Կոնաշենկովը նաև նշել է, որ ռուս զինվորականները վերջին մեկ օրվա ընթացքում ոչնչացրել են 8 "Бук М-1" մարտական մեքենա, S-300 և "Бук М-1" հակաօդային պաշտպանության համակարգեր, 3 ռադիո դիրք П-14 կայաններով, 4 մարտական ինքնաթիռ ցամաքում և մեկ մարտական ինքնաթիռ խոցվել է օդում: