ՄԱԿ-ն այսօր բանաձև կընդունի Ուկրաինայի վերաբերյալ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան երկուշաբթի օրը բանաձև կընդունի Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության վերաբերյալ։
Կիրակի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նստաշրջան գումարելու որոշումն ընդունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Անվտանգության խորհրդի 11 անդամներ կողմ են քվեարկել նիստի գումարմանը, Ռուսաստանը՝ դեմ, Չինաստանը, Հնդկաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները ձեռնպահ են մնացել։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նման արտահերթ նստաշրջանը վերջին 70 տարվա ընթացքում գումարվել է միայն 11-րդ անգամ։
Ըստ կանոնակարգի՝ Ռուսաստանը չէր կարող արգելափակել Գլխավոր ասամբլեայի գումարման որոշումը։ Անվտանգության խորհրդի մշտական անդամները չեն կարող վետո դնել Գլխավոր ասամբլեայի բանաձևերի վրա, սակայն Գլխավոր ասամբլեայի բանաձևերը դեկլարատիվ բնույթ են կրում, թեև, ինչպես համաշխարհային գործակալություններին ասել են բրիտանացի և ամերիկացի դիվանագետները, դա նույնպես բավականին կարևոր է։