ՀՀ դեսպանատնից ասում են` մեկը լինի մեզ օգնի, փախեք արևմուտք, այլ բան ձեզ համար չենք կարող անել. Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացին ահազանգում է. Tert.am
Ուկրաինայի Կիրովոգրադ քաղաքում գտնվող ՀՀ քաղաքացի Արման Կարապետյանը և իր կինը, ովքեր Ուկրաինա են մեկնել մի քանի օրով, ռազմական գործողությունները սկսելուց հետո չեն կարողանում վերադառնալ Հայաստան, իսկ Ուկրաինայում ՀՀ դեսպանատնից ստանում են անորոշ և ոչ հուսադրող պատասխաններ։ Tert.am-ի հետ զրույցում Արման Կարապետյանը նշեց, թե այն հայտարարությունները, որ ՀՀ դեսպանատունը էվակուացնում է ՀՀ քաղաքացիներին և կազմակերպում երկրից դուրս գալը, չեն համապատասխանում իրականությանը։ «Հիմա Կիրովոգրադ քաղաքում ենք գտնվում ես և կինս, հյուր ենք եկել մի քանի օրով, մնում ենք բարեկամների տանը։ Փետրվարի 25-ին տոմս ունեինք, պետք է վերադառնայինք Հայաստան։ Ամսի 23-ին գնացինք Կիև, որպեսզի 2 օր մնանք ու վերադառնանք տուն, 24-ի առավոտյան ռմբակոծության ձայներ լսեցինք։
Իմացանք, որ հնարավոր չէ տուն վերադառնալ, հետ ենք եկել Կիրովոգրադ։
Ամսի 24-ին զանգահարել եմ Կիևում գտնվող մեր դեսպանատուն։ Հարցրեցին` հիմա որտեղ եմ գտնվում, ասացի` Կիևում, պատասխանեցին` փախեք արևմտյան Ուկրաինա։
Ասացի, որ ո՛չ մեքենա ունենք, ո՛չ հնարավորություն, ո՞նց փախչենք, ինձ պատասխանեցին, որ հիմա այլ բան անել չեն կարող։ Հիմա կարդում եմ նյութերը, որ իբր դեսպանատունը օգնում է Հայաստանի քաղաքացիներին, ծիծաղս գալիս է»,- ասաց Արման Կարապետյանը։
Վերջինս նշեց որ այսօր ևս փորձել է կապվել դասպանատան հետ։
«Այսօր զանգեցի, մի աղջիկ պատասխանեց։ Ասաց այն լուրերը, թե դեսպանատունը ինչ-որ բանով օգնում է Հայաստանի քաղաքացիներին, ֆեյք է։
Ադրբեջանցիներն են երևի տարածում, թե ՀՀ քաղաքացիներին տարհանում են։ Այդ աղջիկը լացակումած պատասխանեց, թե մեկը լինի մեզ էվակուացնի, ասաց, որ տնից է ինձ հետ խոսում, իր պատուհանի տակ ռմբակոծում են ու, որ վախից չգիտի` ինչ անի։ Հիմա, եթե ես դեսպանատուն չեմ կարող դիմել, ապա ո՞ւմ վրա հույսս դնեմ»,- ասաց Արման Կարապետյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: