Ո՞վ է պատրաստ մեզ հետ կռվել, անկեղծ ասած, ես նրանց չեմ տեսնում` բոլորը վախենում են. Զելենսկի
«Այսօր Մոսկվայից լսեցինք, որ ցանկանում են խոսել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի մասին։ Մենք չենք վախենում Ռուսաստանից, մենք չենք վախենում խոսել Ռուսաստանի հետ, մենք չենք վախենում խոսել ամեն ինչից, մեր պետության անվտանգության երաշխիքներից, չենք վախենում խոսել չեզոք կարգավիճակի մասին»։ Այս մասին իր տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա ընդգծել է, որ Ուկրաինան այժմ ՆԱՏՕ-ում չէ։
«Մենք հիմա ՆԱՏՕ-ում չենք, բայց ի՞նչ երաշխիքներ կունենանք։ Եվ ամենակարեւորը՝ կոնկրետ ո՞ր երկրներն են դրանք մեզ տալու»։ - հավելել է Ուկրաինայի ղեկավարը։
Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան մենակ է մնացել պետության պաշտպանության հարցում և նշել, որ համաշխարհային առաջնորդներից ոչ մեկը պատրաստ չէ երաշխավորել նրա մուտքը ՆԱՏՕ և իր զինուժը ուղարկել երկիր։
«Մենք մնում ենք միայնակ մեր պետության պաշտպանության գործում. Ո՞վ է պատրաստ մեզ հետ կռվել։ Անկեղծ ասած, ես նրանց չեմ տեսնում: Բոլորը վախենում են»,- շեշտեց նա։
Միաժամանակ ուկրաինական պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին աջակցության համար։
«Ես երախտապարտ եմ յուրաքանչյուր պետության, որն օգնում է Ուկրաինային, բայց կոնկրետ, և ոչ միայն խոսքերով», - եզրափակել է նա։