Ռուսաստանի Զինված ուժերը չեն սպառնում Ուկրաինայի խաղաղ բնակչությանը. ՌԴ ՊՆ
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունը չի սպառնում խաղաղ բնակչությանը, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի զինված ուժերը չեն հարվածում Ուկրաինայի քաղաքներին, խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հինգշաբթի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշում է կայացրել Ուկրաինայի դեմ հատուկ ռազմական գործողության մասին։ Ռուսներին ուղղված հեռուստաուղերձում նա ասել է, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճին։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։