Ուկրաինան հայտնել է Կիևի և Խարկովի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Կիևում, Խարկովում և Դնեպրում հրթիռային հարձակումներ են իրականացվել ռազմական ենթակառուցվածքների օբյեկտների վրա։ Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։
«Ներխուժումը սկսվել է։ Հենց նոր հրթիռային հարվածներ են հասցվել ռազմական կառավարման կենտրոններին, օդանավակայաններին, ռազմական պահեստներին, Կիևում, Խարկովում, Դնեպրում։ Սահմանի հրետանային ռմբակոծություններ կան։ Այսօրվանից աշխարհում նոր աշխարհաքաղաքական իրողություն է. Կամ Ուկրաինան և աշխարհը կկանգնեցնեն նոր Հիտլերին հիմա, կամ կլինի Երրորդ համաշխարհային պատերազմ»,- գրել է նա։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական զորքերը հատել են Ուկրաինայի սահմանը Խարկովի մոտ։ Հաղորդվում է նաև Մարիուպոլում և Օդեսայում ռուսական զորքերի ներխուժման մասին։