Սեյրան Օհանյանը մասնակցել է ռազմական նշանակության մի շարք օբյեկտների հանդիսավոր բացմանը
Դեկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել ՀՀ ԶՈՒ ռազմաավիացիոն զորամասերից մեկի օդաչուների եւ տեխնիկական անձնակազմի համար նախատեսված նորակառույց ճաշարանի հանդիսավոր բացմանը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ ծանոթացել է կառույցի տեխնիկական հագեցվածությանն ու պայմաններին եւ նշել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը մշտապես գտնվում են հանրապետության եւ ԶՈՒ ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի մասնակցությամբ հանդիսավորությամբ բացվել եւ շահագործման են հանձնվել նաեւ ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության ենթակայությամբ գտնվող ավտոտեխնիկայի ունեցվածքի պահեստային ենթագոտու նոր համալիրն ու տարհանման գումարտակի ավտոկայանատեղին:
Շնորհավորելով սպաներին եւ նրանց ընտանիքի անդամներին՝ պաշտպանության նախարարը գալիք Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ ներկաներին մաղթել է հայրենանվեր գործունեությամբ բեղուն տարի: