Ադրբեջանցիներին պաշտպանել ու այդպես բիրտ ուժ կիրառել սեփական քաղաքացիների նկատմա՞մբ․․․ իհարկե, հատուկ հրաման է եղել ոստիկաններին․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
Հասկանալի էր, որ հայկական կողմն ուներ պարտավորվածություն ադրբեջանցի պատգամավորների անվտանգությունն ապահովելու համար, բայց միևնույն ժամանակ ոստիկանների նման բիրտ ուժի կիրառումը՝ սեփական քաղաքացիների նկատմամբ, ուղղակի ստորացուցիչ է։ Այս մասին ԱԺ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Ադրբեջանցիներին պաշտպանել ու սեփական քաղաքացիներին այդպես դաժանաբար վերաբերվել, իհարկե, հատուկ հրաման է եղել, որ այդպիսի վերաբերմունք դրսևորելու»,-ասաց Աննա Գրիգորյանը։
Նա պատմեց, որ երբ իրենք ներսում նիստը վարում էին ու զուգահեռաբար դրսում ցույցեր էին ընթանում, ընդմիջումներին՝ զրույցի ժամանակ, եվրպոպացի գործընկերներից շատերը հասկանում էին, թե ինչու են մարդիկ հավաքվել, բայց կար մի հատված, որ չէին հասկանում, թե մարդիկ ինչու են ցույց անում։
«Հասկանո՞ւմ եք, իշխանությունը տարբեր հարթակներում իրեն այնպես է դրսևորում, իբր ամեն ինչ հարթված է, ու այդ պատճառով որոշ մեր գործընկերները չէին հասկանում, որ դա ժողովրդի ցասումն է ու մեր քաղաքացիները դուրս են եկել բողոքի»,- ասաց Աննա Գրիգորյանը։