Ես պիտի խնդրեմ, որ մենք հարգենք բոլոր երկրների սուվերեն իրավունքները․ Արշակյանը՝ ՌԴ-Ադրբեջան հռչակագրի մասին (տեսանյութ)
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված «Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի» վերաբերյալ ՀՀ իշխանությունների կողմից առայժմ որևէ արձագանք չկա։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։
Նա նշեց, որ տեքստը հավուր պատշաճի կուսումնասիրվի, հետո արձագանքը չի ուշանա։
Դիտարկմանը, որ այդ հռչակագրում խոսվում է ռազմական ոլորտում համագործակցության, Ռուսաստան-Ադրբեջան զորավարժությունների, պատերազմի ընթացքում միմյանց օգնելու մասին, արդյոք Հայաստանը բացթողումներ չի ունեցել, որն էլ հանգեցրել է նման իրողության, Հակոբ Արշակյանը պատասխանեց, որ պետք է հարգել բոլոր երկրների սուվերեն իրավունքները՝ միևնույն ժամանակ պահպանելով մեր ռազմավարական շահերը։
«Հիմա դուք մի հարց եք տալիս, որը վերաբերում է բարեկամ երկրի վարած արտաքին քաղաքականությանը, որն իր սուվերեն իրավունքն է: ՌԴ-ի հետ մեր ռազմավարական գործընկերության պայմանագիրը նույնպես կա, որը տարբեր ձևաչափերով կնքվել է և ամենաբարձր մակարդակով առաջ է գնում: Եթե մենք ասում ենք որևէ երկրի հետ դաշնակցություն ենք անում, այդ երկիրը որևէ այլ երկրի հետ չպետք է կապ ունենա։ Հայաստանը բազմաթիվ այլ երկրների հետ, մասնավորապես ԵՄ-ի, միգուցե նաև այլ միջազգային հարթակներում պետք է առաջնորդվի իր ունեցած այլ պայմանագրերի շրջանակներում: Ես պիտի խնդրեմ, որ մենք հարգենք բոլոր երկրների սուվերեն իրավունքները՝ իհարկե, մեր ռազմավարական շահերը նույնպես պահպանելով», - ասաց Հակոբ Արշակյանը և հավելեց․ «Եթե դուք կարծում եք, որ Հայաստանը կարող է իր գործողություններով ազդել նմանատիպ գործընթացների վրա, ես կարծում եմ՝ չպետք չի գերագնահատել այս բոլոր իրողությունները»։
Մանրամասները՝ տեսանյութում