Ինչպե՞ս կարելի է խոսել Ադրբեջանի հետ համագործակցության մասին, երբ մեր հայրենակիցները պահվում են Բաքվի բանտերում. Աննա Գրիգորյանը` «Եվրանեսթի» նիստում (տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստում իր ելույթի տեսագրությունը և առանձնացրել մի քանի կարևոր թեզ:
Նա, մասնավորապես, գրել է.
«Ընթանում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստերը, որին մասնակցում է նաև ադրբեջանական պատվիրակությունը:
Մի քանի թեզ իմ ելույթից.
Արցախյան հակամարտությունը լուծված չէ: Ինչպես կարելի է խոսել Ադրբեջանի հետ համագործակցության մասին, երբ մեր հայրենակիցները պահվում են Բաքվի բանտերում և ենթարկվում անմարդկային խոշտանգումների, երբ ադրբեջանական զորքերը շարունակում են օկուպացված պահել ՀՀ սուվերեն տարածքը:
Այս ամենը տեղի է ունենում Եվրոպական միության լռության, անտարբերության ֆոնին:
Երկակի ստանդարտները, ընտրովի մոտեցումները և երեսպաշտությունը պետք է մերժելի լինեն»: