Ուզում եք, որ Ռուսաստանի նախագահն ավելի՞ հայ լինի, քան Հայաստանի վարչապետը․ Քոչարյանը՝ Պուտինի հայտարարության մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դուր չի եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, թե Արցախն Ադրբեջանի անբաժանելի մաս է։ Լրագրողների հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանը նկատեց, որ համաձայն չէ այդ հայտարարության հետ, բայց միևնույն ժամանակ նկատեց, որ պետք է դրան մոտենալ ՌԴ տեսանկյունից։
«Ինձ դա դուր չեկավ, բայց ձեզ իրենց տեղը դրեք։ Եթե Հայաստանն ինքը չի արձագանքում, իրավունք ունե՞նք պահանջելու ուրիշներից»,- իր հարցադրումն արեց Ռոբերտ Քոչարյանը։
Նա Պուտինի հետ շփվելու հնարավորություն է ունեցել, սակայն բնավորություն չունի պատմել այդ շփման մասին։ «Դուք չգիտեք, թե զրույցի ընթացքում կարծիք հայտնել եմ, թե՝ ոչ։ Մենք չպետք է պահանջենք ուրիշներից լինել ավելի հայամետ, քան մեր իշխանությունները»,- նշեց Քոչարյանը։
Նա նկատեց, որ եթե ՀՀ իշխանությունները չեն պատասխանում Ալիևի հայտարարությանը, թե հարցը վերջնականապես լուծված է, ապա միամտություն է սպասել, Հայաստանը կարձագանքի Ռուսաստանի հայտարարություններին։
«Ռուսաստանի նախագահը լսում է Ալիևի, Էրդողանի, Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները և Հայաստանից որևէ արձագանք չի լսում։ Ուզում եք, որ Ռուսաստանի նախագահն ավելի հա՞յ լինի, քան Հայաստանի վարչապետը, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարն ավելի հա՞յ լինի, քան Հայաստանի ԱԳՆ ղեկավարը»,- պարզաբանեց երկրորդ նախագահը։
Նա հիշեցրեց, որ ինքը եղել է Արցախի անկախության հռչակագրի համահեղինակ։ «Այս Հռչակագիրն իրավական տեսանկյունից դեռ անխոցելի է։ Երբ ես մասնակցում էի բանակցային գործընթացին, չկար մի փաստաթուղթ, որը կենթադրեր, որ Արցախն Ադրբեջանի մաս է։ Քի Ուեսթում մենք նույնիսկ քննարկել ենք Արցախը Հայաստանին միացնելու տարբերակը։ Այստեղ իմ մոտեցումը պարզ է»,- եզրափակեց Քոչարյանը։