«Օմիկրոն»-ն ավելի թեթև է, բայց պետք չէ դրան թեթևամտորեն մոտենալ. Ավանեսյան
Բոլոր սահմանափակումները ժամանակավոր բնույթ են կրում, ուղղված են կոնկրետ որոշակի խնդիրներ լուծելուն։ Այս մասին լրագորղների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Խոսելով կորոնավիրուսային իրավիճակի մասին՝ նախարարը նշեց, որ նվազման տեմպի մեջ ենք, բայց հիվանդանոցները դեռ բավական ինտենսիվ ռեժիմով են աշխատում։ Ինչ վերաբերում է «Օմիկրոն» շտամի հետ կապված հիվանդություններին, ապա, ըստ Ավանեսյանի, դրանք ավելի թեթև են։
««Օմիկրոն» շտամի պարագայում դեպքերի մեծ մասն ավելի թեթև են ընթանում, բայց չի նշանակում, որ չունենք ծանր դեպքեր։ Հոսպիտալացվածների 88 տոկոսը չպատվաստված քաղաքացիներ են, ովքեր բավական ծանր են տանում հիվանդությունը»,- նշեց նա՝ հավելելով, որ թեև «օմիկրոնն» ավելի թեթև է, բայց պետք չէ դրան թեթևամտորեն մոտենալ։
Ավանեսյանի խոսքով, դեռ վաղ է կանխատեսումներ անել, թե արդյոք «օմիկրոն» շտամով կվերջանա համավարակը։
«Համավարակի փուլից դեպի էնդեմիկ հիվանդության փուլ, կարծես, արդեն նշմարվում է։ Այո, Քովիդը կմնա որպես այդպիսին, այն մեր կենսակերպի մի մասն է դառնալու, սեզոնային որոշակի ակտիվացումներով, բայց հստակ ասել, որ վերջանալու է համավարակը, կարծում եմ, դեռ վաղ է»,- ասաց առողջապահության նախարարը։