Մենք քայլ առ քայլ կորցնում ենք մեր հնարավորությունները և վերջում կանգնելու ենք կոտրած տաշտակի առջև, եթե արդեն այսօր լուրջ քայլեր չձեռնարկենք․ Քոչարյան (տեսանյութ)
Ղարաբաղը պետք էր պահել, պատերազմ չհրահրել, չպարտվել ու ժամանակի հարց էր Արցախի փաստացի ճանաչումը։ Այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահը՝ ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին։
Նա վստահեցնում է, որ եթե այս պատերազմում չպարտվեինք, ապա Արցախի ճանաչման հարցը մոտ կլիներ։ Բայց ունենք այն, ինչ ունենք։
«Մենք ամեն օր կորցնում ենք մի հնարավորություն, ես արդեն չեմ պատկերացնում՝ բանակցային գործընթացում ինչ են բանակցում։ Եթե ամեն անգամ իշխանությունն այսպիսի ռումբեր, նռնակներ դնի բանակցային գործընթացի տակ, ապա այդ գործընթացում ոչինչի չի հասնի։ Մենք ընդամենն ամրագրել ենք փաստացի մեր վիճակը»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա լրջագույն խնդիր է տեսնում և կարծում է, որ Արցախի իշխանությունները պետք է պահանջեն ՀՀ իշխանություններից, որպեսզի բացատրեն, թե ուր են տանում։
«Մենք քայլ առ քայլ կորցնում ենք մեր հնարավորությունները և վերջում կանգնելու ենք կոտրած տաշտակի առջև, եթե արդեն այսօր լուրջ քայլեր չձեռնարկենք»,- նկատեց Ռոբերտ Քոչարյանը։
Նա ղարաբաղցիների հետ շփում ունի և ամեն անգամ, երբ նրան հարցնում են, թե ինչ է լինելու, Քոչարյանն ինքն է նրանց ասում, որ իրենք պետք է հանդես գան պահանջով և ասեն, թե իսկ ինչ են ուզում իրենք։