Ալիևի հայտարարություններին զրո արձագանք իշխանությունից, անհասկանալի է, թե ինչի են աքլորացել Լուկաշենկոյի հայտարարությունից․ Քոչարյան (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լավ է ճանաչում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Նա վստահեցնում է, որ կարելի է ընդունել-չընդունել, հարգել կամ չհարգել նրան, բայց Հայաստանի մասին նա ասաց այն, ինչ ինքն է մտածում։
Ռոբերտ Քոչարյանն ասուլիսի ժամանակ նկատեց, որ իր համար անհասկանալի էր Լուկաշենկոյի հայտարարության նման արձագանքն այն առումով, որ այն, ինչ ասաց նա՝ անհամեմատելի մեղմ էր այն հայտարարություններից, որոնք ասում է թշնամի երկրի նախագահ Ալիևը։
«Ալիևի հայտարարություններին 0 արձագանք ուղղեցին իշխանության ներկայացուցիչները, թե ինչի են աքլորացել Լուկաշենկոյի հայտարարությունից՝ անհասկանալի է։ Իհարկե, նա չպետք է այդ տոնով ասեր, բայց պետք է իմանանք հետևյալը՝ Լուկաշենկոն ասել է այն, ինչ մեր մասին մտածում են ուրիշները»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Ինչ վերաբերում է Միութենական պետության ստեղծմանը, ապա Քոչարյանը նկատում է, որ պետք է սառը հաշվարկ ունենալ՝ ինչ կտանք և ինչ կստանանք։ Քոչարյանը նշում է, որ իր կառավարման օրոք այդ հաշվարկները չեն եղել, քանի որ նման խնդրի առաջ չեն կանգնել, իսկ այսօր այլ խնդիր է դրված։ Ամեն դեպքում, ըստ երկրորդ նախագահի, Ռուսաստանի հետ պետք է ունենալ խորացված հարաբերություններ։
«Ռուսաստանը միակ պետությունն է, որը շահագրգռված է մեզ այս հարցում սարքել գործոն»,- ասաց Քոչարյանը։