Խեղկատակ գործ է. 3 ամիս անց ոստիկանները հիշել են, որ իբր 10 հոգով սեռական բնույթի հայհոյանքներ ենք տվել. Բագրատ Եսայան (տեսանյութ)
Վերջնական դատավճռի ակնկալիքը բավականին լավն է, որովհետև այն աստիճանի խեղկատակ գործ է, որ իսկապես շատ դժվար է լինելու որևէ դատավորի համար մեղադրող դատավճիռ կայացնել: Այս մասին ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց, որտեղ քննվում է «բ*ի տղա Նիկո՛լ»-ի գործը, որով ինքը ևս անցնում է։
Նա նշեց, որ գրավոր ապացույցների փուլն ավարտել են, հիմա իրեղեն ապացույցներն են հետազոտվելու։
«Մենք դիտեցինք նաև վիդեոները և ամբողջ աբսուրդն այն է, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 22-ին և մինչև մեղադրանք առաջադրելը այն ապացույցներով, որոնք ուսումնասիրվեցին, գործով ներգրավված 10-ից բոլորի վերաբերյալ քրեորեն հետապնդելի որևէ արարք որևէ ձևով չի հայտնաբերվել, ավելին, արձանագրվել է օրինակ, որ Սարգիս Կարապետյանը փորձում էր զսպել ցուցարարներին, որոնք շարժվում էին դեպի դատախազության մուտք, իմ վերաբերյալ ընդամենը մի վիդեոկադր է առանձնացված, սակայն այս ամեն ինչից 10 օր չանցած մեղադրանք է առաջադրվում առանց որևէ ապացույցի։
Այլ հարց է, որ փորձելով այս պատվիրված գործը առաջ տանել, որն այս մարդկանց նկատմամբ է հստակ թիրախավորված՝ արձանագրելով, որ այս մարդիկ այնտեղ են եղել, և տեսնելով, որ որևէ ապացույց իրենց ձեռքում չիա, դեպքից 3 ամիս հետո նոր մեկական ոստիկան են չգիտեմ ինչպես հայտնվում ու հանկարծ հիշում, որ 3 ամիս առաջ սեռական բնույթի հայհոյանք ենք հնչեցրել կես ժամ շարունակ, այն դեպքում, որ որևէ այլ ապացույց չկա»,-ասաց Բագրատ Եսայանը։