Եվրամիությունը մտափոխվել է և չի ցանկանում Ռուսաստանին հանել SWIFT բանկային համակարգից
ԵՄ երկրները դեմ են արտահայտվել Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանի անջատմանը SWIFT միջազգային միջբանկային համակարգից։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին, ավելի վաղ ԱՄՆ-ն առաջարկել էր այդ միջոցը ներառել պատժամիջոցների փաթեթում, որը պետք է սահմանվի Ռուսաստանի դեմ Ուկրաինայի շուրջ սրման դեպքում։
Եվրոպական երկրները, առաջին հերթին՝ Գերմանիան, նույնպես կողմ են էներգետիկ ոլորտի հետ աշխատող բանկերի պատժամիջոցներից դուրս մնալուն։ Bloomberg-ը նշում է, որ նման անհամապատասխանությունների պատճառով ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների վերջնական փաթեթները, որոնք պատրաստվում են ներմուծել Ուկրաինայի շուրջ սրման դեպքում, կարող են տարբերվել։
Գործակալության տվյալներով՝ պատժամիջոցների մշակումը տեղի է ունենում ամենախիստ գաղտնիության մթնոլորտում։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն չեն ցանկանում, որ Ռուսաստանը ժամանակից շուտ իմանա հնարավոր սահմանափակումների մանրամասները և այդպիսով կարողանա պատրաստվել դրանց։