Եթե չեն ուզում հպատակվել, այնքան փակ կպահենք ճանապարհը, մինչև հպատակվեն. վարդենիսցիները շարունակում են փակ պահել Մարտունի-Վարդենիս ճանապարհը
Վարդենիս խոշորացված համայնքի ավագանին այսօր նիստ է հրավիրել, որին, սակայն, ՔՊ խմբակցության անդամները չեն ներկայացել: «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» ընդդիմադիր խմբակցությունները նիստն անցկացնում են առանց ՔՊ-ի, քանի որ ավագանու 27 անդամից 14-ը նիստին ներկա է, և քվորումն ապահովված է:
Երբ Ահարոն Խաչատրյանը համայնքի աշխատակազմի քարտուղարից պահանջել էր համայնքի ղեկավարի աշխատասենյակի բանալիներն ու կնիքը, մերժում էր ստացել: Վերջինիս ասել էին, որ գրավոր պետք է դիմել Գեղարքունիքի մարզպետին: Դա դժգոհության ալիք էր բարձրացրել և վարդենիսցիները փակել են Մարտունի-Վարդենիս ճանապարհը:
Ակցիայի մասնակիցների մեկը նշում է. «Մենք հաղթել ենք, մարդիկ դուրս են եկել ու իրենց ընտրությունը կատարել են: Ուրեմն՝ թող թողեն աշխատենք: Մինչև ե՞րբ մեր 35 համայնքում պիտի այս վիճակը մնա: Թող բանալիները տան, մենք էլ թողնենք, գնանք մեր տները: Մեր պահանջը դա է: Հաղթանակ ընդունելը ո՞րն է: Ամեն տեղ չպիտի իրենք շատ լինեն: Ազգային ժողովում իրենք են շատ, իսկ հիմա՝ մենք ենք շատ: 14 մենք ենք, 13 իրենք են: Պարտավոր են հպատակվել: Եթե չեն ուզում հպատակվել, այնքան փակ կպահենք ճանապարհը՝ մինչև հպատակվեն: Մեր ավագանիները չունեն նպատակ մանդատները վայր դնելու: Իրենք ունեն 13 մանդատ, թող վայր դնեն»: