Մենք «շախմատով» զբաղվելու ժամանակ չունենք․ դատախազի տեղակալը՝ Աշոտ Երկաթի ազատ արձակման ու դատավոր Բախշիյանի կալանավորման մասին (տեսանյութ)
Յուրաքանչյուրի անկախությունն իր մեջ է․ դատական համակարգն անկախ է իր անկախ դատավորներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք նա համարո՞ւմ է, որ դատական համակարգն անկախ է՝ հաշվի առնելով վերջին շրջանում տեղի ունեցող կալանավորումները՝ անհիմն մեղադրանքներով։
Անդրադառնալով դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորմանը՝ նա նկատեց, որ դատողությունները, որոնք կապում են նրա կալանավորման հետ, ինչպես օրինակ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթի) ազատ արձակումը՝ իրական չեն և որևէ կապ չունեն նրա կալանավորման հետ։
«Մենք Աշոտ Մինասյանի գործով Բորիս Բախշիյանի հետ համաձայնել ենք և չենք բողոքարկում, և կապել նրա կալանավորումը դրա հետ՝ անմտություն է։ Չեմ զարմանում, որ դա ձեր մտքով անցնում է, բայց մենք այդպես շախմատով (նկատի ունի Աշոտ Մինասյանի ազատ արձակման դիմաց՝ Բախշիյանի կալանավորումը-խմբ․) զբաղվելու ժամանակ չունենք»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ կան փաստեր, և իրենք աշխատում են փաստերի հիման վրա։