3 հազարի համար չենք փողոց դուրս եկել, սառույցի վրա ավտոյի խփես, ԱՊՊԱ-դ 300%-ով կթանկանա. վարորդները պատրաստ են անհնազանդության ակցիաների (տեսանյութ)
ԱՊՊԱ-ի թանկացած գներից դժգոհող վարորդները շարունակում են բողոքի ակցիաները։ Այժմ նրանք պահանջում են նաև ԱՊՊԱ բյուրոյի պետի հրաժարականը։ Ակցիայի մասնակիցները նկատեցին, որ իրենց գործողությունները համաձայնեցնել են ոստիկանության հետ։
Նրանք որոշել են այս անգամ մեքենաները թողնել կայանատեղիում և քայլերթով շարժվել ԱՊՊԱ բյուրո։
Թեև վարորդներին հորդորել են գրավոր ներկայացնել իրենց խնդիրները և պահանջները, սակայն վերջիններս չեն պատրաստվում սահմանափակվել միայն դիմում գրելով։
«Գրենք, մի ամիս սպասենք, հետո էլ բացասական պատասխանեն»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նա նշեց, որ առայժմ անհնազանդության ակցիաներ չեն անում, սակայն եթե որոշումը չչեղարկվի` կգնան անհնազանդության ակցիաների։
Մեկ այլ վարորդ էլ նկատեց, թե բոլորին թվում է, որ իրենք 3000 հազար դրամի համար են պայքարում, բայց դա այդպես չէ։
«3 հազարի համար չենք փողոց դուրս եկել, սառույցի վրա ավտոյի խփես, ԱՊՊԱ–դ 300 տոկոսով կթանկանա»,- ասաց նա։