Դատավորը փորձել է պայքարել, իր ակտում էլ է երևում, բայց թույլ չեն տվել իրականացնել արդարադատություն. Բորիս Բախշիյանի փաստաբան (տեսանյութ)
Հայաստանի պատմության՝ իրավական պետություն ունենալու մեջ ունեցանք ամենածանր էջերից մեկը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։ Նա վստահեցրեց, որ դատավոր Դավիթ Արղամանյանը շատ լուրջ ճնշումների է ենթարկվել:
Արսեն Սարդարյանն ընթերցեց դատավճռից մի հատված, որը, ըստ փաստաբանի, ապացուցում է դատավորի նկատմամբ ճնշումներ գործելու մասին։ Նախադասության սկիզբը, որն ընթերցեց Արսեն Սարդարյանը, ամբողջությամբ հակասում էր նույն այդ նախադասության վերջին հատվածին։
«Ինքը փորձել է պայքարել, իր ակտում էլ է երևում, որ փորձել է պայքարել, բայց թույլ չտվեցին իրեն արդարադատություն իրականացնել»,- նշեց նա։
Փաստաբանն ընդգծեց՝ Հայաստանն այսօր արձանագրեց՝ անկախ ու անաչառ դատավորը պետք է գտնվի քրեակատարողական հիմնարկում։
«Եթե դու գործում ես քո խղճի, օրենքի համաձայն, ուրեմն պետք է նստես, մենք այսօր Հյուսիսային Կորեային հաղթեցինք, մենք եղանք ամենաառաջինը իրավական կամայականությունների առումով. այն, ինչ այսօր տեղի ունեցավ, իրավաբանության վախճանմ էր»,- հայտարարեց դատավոր Բախշիյանի պաշտպանը։