Բայդենն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ, հայտնում է Սպիտակ տան կայքը։
Պետությունների ղեկավարները քննարկել են «շարունակվող դիվանագիտությունը և զսպման միջոցները՝ ի պատասխան ուկրաինական սահմանի երկայնքով Ռուսաստանի ռազմական կուտակումների»: Վերջին անգամ նախագահները միմյանց զանգահարել էին փետրվարի 2-ին։
Մակրոնը Մոսկվա կժամանի փետրվարի 7-ին, որտեղ բանակցություններ կվարի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը «շատ կարեւոր» է անվանել Ֆրանսիայի ղեկավարի առաջիկա այցը, ըստ նրա՝ օրակարգում բազմաթիվ թեմաներ կան։ Մոսկվա կատարած այցից հետո Մակրոնը կմեկնի Կիև, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։