Բորիս Բախշիյանի փաստաբանները դարձյալ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին (տեսանյութ)
Գործը, որը տալիս են դատավորին ոչ թե պետք է ուզեն, որ էդ դատավորը քննի, այլ գործը պարզապես ընկավ այդ դատարվորին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բորիս Բախշիյանի փաստաբան Երեմ Սարգսյանը` ընդգծելով, որ դատավորը ոչ թե ունի կանխամտածված միտում, այլ պարզապես վարում է գործը։ Սակայն, ըստ փաստաբանի, Բորիս Բախշիյանի դեպքում կոնկրետ ուզել են` գործը վարի այդ դատավորը։
Այդ է պատճառը, որ փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդությամբ են հանդես եկել։
«Ունենք կոնկրետ իրավիճակ, որ բոլոր դատավորներից ընտրել են հենց Դավիթ Արղամանյանին, և սա մենք կանխատեսել էինք մինչև միջնորդություն ներկայացնելը։ Մենք ներկայացրինք նոր ինքնաբացարկի միջնորդություն՝ հիմնավորելով բազմաթիվ լրատվական միջոցների հրապարակումներով, որոնցում շատ ուղիղ կասկածներ ու կարծիքներ կան, որ Բորիս Բախշիյանին իշխանությունները պատժում են զուտ նրա համար, որ կալանքից ազատ է արձակել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, Գորիսի փոխքաղաքապետին, Աշոտ Մինասյանին, այսինքն՝ անձինք են, որոնք հայտնի են իրենց ընդդիմադիր հայացքներով»,- նշեց Երեմ Սարգսյանը։
Ըստ նրա՝ այս գործերն իշխանության հետաքրքրության ոլորտում են։
«Դավիթ Արղամանյանը հանդիսացել է ՔՊ-ի իրավախորհրդատու, եղել է Սուրեն Պապիկյանի օգնականը, ունի մտերիմ հարաբերություններ իշխանականների հետ, հիմա այս տրամաբանության մեջ ասել, որ պատահական բոլոր դատավորներից տվեցին Դավիթ Արղամանյանին գործը, որ քննի, միամտություն է»,- ասաց փաստաբանը: