ՌԴ-ն կարող է փորձել «կեղծել Ուկրաինա ներխուժելու պատճառը». Պենտագոն
Պենտագոնը պնդում է, որ ԱՄՆ-ն ապացույցներ ունի, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է փորձել «կեղծել Ուկրաինա ներխուժելու պատճառը»: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
«Մենք տեղեկություններ ունենք, որ Ռուսաստանի Դաշնությունը, հավանաբար, կցանկանա ներխուժման պատրվակ ստեղծել։ Հավանականություններից մեկն այն է, որ Ռուսաստանի իշխանությունները, կարծում ենք ծրագրում են կեղծ հարձակում կազմակերպել ուկրաինական զինվորականների կամ հետախուզության կողմից Ռուսաստանի Դաշնության ինքնիշխան տարածք, որպեսզի արդարացնեն իրենց գործողությունները»,- ասել է Ջոն Քիրբին։
Իր հերթին, Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս պնդումները, ասել է, որ առաջին անգամը չէ, որ ԱՄՆ-ն տվյալներ է հրապարակում Ռուսաստանի կողմից Ուկրաինա «ներխուժելու» իբր գոյություն ունեցող ծրագրերի մասին։