Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Շուշիի հռչակագիրը
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահությունը օրինագիծ է ներկայացրել, որն արտացոլում է Շուշիի հռչակագիրը, հայտնում է Anadolu-ն։
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հաստատել է Շուշիի հռչակագիրը, իսկ 2021 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեբ Թայիփ Էրդողանը ստորագրել են փաստաթուղթը։
Հռչակագրի կետերից մեկում ասվում է, որ երրորդ պետության կամ պետությունների կողմից երկրներից մեկի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անվտանգության վերաբերյալ սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում «կողմերը միմյանց կտրամադրեն անհրաժեշտ օգնությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան»։
Փաստաթղթում ընդգծվում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապերի ներկայիս մակարդակը նպաստում է տարածաշրջանային և միջազգային խաղաղությանը և բնակչության բարեկեցությանը։