Ալիևի հերթական հոխորտանքներն ավելի քան հասկանալի են․ նա օգնության հասավ իր գործընկեր Փաշինյանին՝ տեսնելով, որ նրա դիրքերը կարող են վատանալ․ Արտակ Զաքարյան
Ալիևի պրոբլեմը եղել և շարունակում են մնալ ՀՀ նախորդ նախագահները։
Այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անվան հետ կապված Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։
«Ալիևը, ամենայն հավանականությամբ, տեսնում է, որ Հայաստանի երրորդ, երկրորդ նախագահների շուրջ կամ նրանց անվան հետ մարդիկ ավելի մեծ հույսեր են սկսում կապել և հնարավորություն տեսնում, որ ընդդիմությունն ինչ-որ մի պահից կարող է իր ձեռքը վերցնել Հայաստանի կառավարումը»,- ասաց նա։
Արտակ Զաքարյանը նկատում է, որ Ալիևը չի ցանկանա, որպեսզի ժողովուրդը համախմբվի ընդդիմության շուրջ, քանի որ, ըստ նրա, եթե ընդդիմությունն իր ձեռքն է վերցնում ՀՀ կառավարումը, դա կանգնեցնելու է Ադրբեջանի ոտնձգությունները, ստիպելու է Ադրբեջանին և Թուրքիային հարգել Հայաստանի ինքնիշխանությունը, հնարավորություն է բացելու Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները վերականգնել, միջազգային գործընկերներին ներգրավել, հայ-ռուսական իրականում կառուցողական, գործընկերային, դաշնակցային, ռազմավարական հարաբերությունները նորից վերականգնել և տարածաշրջանի անվտանգության հարցում Հայաստանի դերը բարձրացնել, ՀՀ ներսում հայ հասարակությանը կոնսոլիդացնել։
«Այս ամենը Ալիևի սրտով չէ, նրան պետք է, որ Հայաստանն այսօր ոչ մի ամբիցիա, շահ չունենա, լինի զուտ սպառող, դրա փոխարեն, իրենք ինչպես ուզեն, վերաբերվեն Հայաստանին»,- ասաց Արտակ Զաքարյանը՝ նկատելով, որ եթե Ալիևի դիրքորոշումը Հայաստանի ու երկրի նախկին ղեկավարների նկատմամբ, ապա իր համար անհասկանելի է, թե ինչու են ՀՀ իշխանություններն անընդհատ Ալիևի դուդուկի տակ պարում։
«Ալիևի հերթական հոխորտանքների չափաբաժինն ավելի քան հասկանալի է, և Ալիևն օգնության հասավ իր գործընկերոջը՝ Փաշինյանին, տեսնելով, որ նրա դիրքերը կարող են վատանալ»,- նկատում է Զաքարյանը։
Ըստ նրա՝ պատերազմից հետո, առաջ այս իշխանությունների հետ Ալիևը երբեք պրոբլեմ չի ունեցել։ Ալիևի պրոբելմը եղել և շարունակում են մնալ Հայաստանի նախորդ նախագահները, հատկապես երկրորդ և երրորդ նախագահները, քանի որ Հայաստանը տարածաշրջանում պատիվ, հարգանք, դերակատարություն, անվտանգություն, ուժ մշակույթ, արվեստ, ինքնություն զարգացրել է այդ տարիներին և պատերազմի հաղթանակն էլ առաջին նախագահի նախագահության ժամանակ էր։