Ճապոնիան ներողություն է խնդրել կորեուհիներին սեռական շահագործման ենթարկելու համար
Ճապոնիայի կառավարությունը ներողություն է խնդրել Հարավային Կորեայից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կորեուհիներին հասարակաց տներում օգտագործելու համար: Պետությունը համաձայնել է 100 մլն իեն (800 հազար դոլար) նյութական փոխհատուցում տրամադրել։ Այս մասին տեղեկացնում է Սենհապ գործակալությունը։
Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան դեկտեմբերի 28-ին ժամանել է Սեուլ եւ բանակցություններ վարել իր հարավկորեացի գործընկեր Յուն Բյոն Սեի հետ։ Նա նշել է, որ Ճապոնիան գիտակցում է իր պատասխանատվությունը այսպես կոչված «մխիթարանքի կանանց» հարցում։
Հարավային Կորեայի իշխանությունների տեղեկություններով՝ մոտ 200 հազար կորեուհիներ, ճապոնացի զինծառայողների համար հարկադրաբար սեռական բնույթի ծառայություններ են մատուցել։ Եթե 2007թ.-ին կենդանի էր մնացել մոտ 120 նման կին, ապա հիմա նրանց թիվը 47-ն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։