Զելենսկին Մակրոնի հետ քննարկել է նորմանդական ձևաչափի աշխատանքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ և քննարկել Դոնբասի վերաբերյալ նորմանդական ձևաչափի (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա և Ֆրանսիա) աշխատանքը։ Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում։
«Զրույց Ուկրաինայի բարեկամ և վստահելի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ: Մենք գոհ ենք նորմանդական ձևաչափի վերսկսմամբ, սա խաղաղության քայլերից մեկն է: Քանի դեռ կա երկխոսության համար բարենպաստ մթնոլորտ, մենք պետք է ժամանակը լրացնենք հանդիպումներով: Քանի դեռ դիվանագիտական ջանքերը շարունակվում են, հետագա էսկալացիայի հավանականությունը նվազում է»,- նշել է նա։
2015 թվականի փետրվարին Մինսկում Նորմանդյան քառյակի առաջնորդների բանակցությունների արդյունքում ստորագրվել է Դոնբասում հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիր, որը կոչվում է Մինսկյան համաձայնագրերի իրականացման միջոցառումների փաթեթ։ Մինչ այժմ այն մնում է չիրացված։ Ընդհանուր առմամբ, նորմանդական քառյակի հինգ հանդիպում է կայացել ամենաբարձր մակարդակով, վերջինը՝ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում։