ՀՀ-ին կտրամադրվի 1 մլն 719 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ էներգախնայողությանն ուղղված ծրագրի համար․ Սանոսյան
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստն է, որը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով։
Նիստի ժամանակ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանին կտրամադրվի 1 միլիոն 719 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ: Նախարարի խոսքով՝ ծրագրի նպատակն է հասարակական շենքերում էներգախնայողության մակարդակի բարձրացումը:
Ըստ նախագծի՝ գլխավոր քաղաքական նպատակի իրականացման համար ձևակերպվել են առաջարկվող ծրագրի հետևյալ նպատակները.
Հանրային նշանակության 20 շենքերում (դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց)՝ էներգախնայողության մակարդակի աճ 50 տոկոսով, ինչը կհանգեցնի տարեկան 3.000 մՎտ*ժամ էլեկտրաէներգիայի խնայողությանը և տարեկան 700 տոննա ածխաթթու գազի արտանետման ցուցանիշի նվազեցմանը:
Էներգետիկ ծառայություններ մատուցող ենթակառուցվածքների սուբյեկտների կայացում և զարգացման աջակցություն:
Նվազագույնը 20 մարզային վարչական մարմինների ներկայացուցիչների շրջանում էներգախնայողության վարկերի ներգրավման մեխանիզմների և էներգախնայողության արդյունավետության մասին իրազեկվածության աճ: