Ձեռ են առնում. կգնանք և դիմում կգրենք, որ հրաժարվում ենք այդ 20 հազար դրամներից. Արցախից տեղահանված քաղաքացիներ (տեսանյութ)
Մենք կգնանք և դիմում կգրենք, որ հրաժարվում ենք այդ 20 հազար դրամներից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին Արցախից տեղահանված քաղաքացիները, ովքեր կառավարության մոտ եկել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու։
Հիշեցնենք, որ այսօրվա` հունվարի 27֊ի կառավարության նիստում, որոշվեց 2022թ. հունվար-փետրվար ամիսներին Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիներ 20 ու 40 հազար դրամ աջակցություն տրամադրել:
«Մեր առաջարկները չեն լսում, իրենք ինչ ուզում՝ անում են։ Ձեռ են առնում։ Մենք դիմել ենք, որ մեզ տրամադրվող սոցիալական աջակցության չափը բարձրացնեն, իրենք իջեցնում են: Հրաժարվենք այդ 20 հազար դրամից, թող ուրախանա մեր կառավարությունը։ Հայաստանի ժողովո՛ւրդ, սթափվե՛ք, եթե մեզ այսօր այսպես են վերաբերվում, մի կարծեք, թե ձեզ ավելի լավ են վերաբերվելու», - ասաց ակցիայի մասնակիցը:
«Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրիյանն էլ ասաց. «Մեր իշխանությունները խոսում են ամեն ինչից, բացի Արցախի վերադարձից, ժողովուրդն էլ այս իշխանությունների ոչ ճիշտ դաստիարակության շնորհիրվ հետ է քաշվել իր պահանջներից»: