Զելենսկու գրասենյակը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման
«Ուկրաինայի իշխանություններն անում են անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի երկիրը և նրա զինված ուժերը պատրաստ լինեն իրադարձությունների ցանկացած զարգացման, և միջազգային գործընկերների հետ միասին ուշադիր հետևում են Ուկրաինայի սահմանների մոտ տիրող իրավիճակին»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
Նա նշել է, որ Ուկրաինան սառնասրտություն է պահում, որպեսզի նվազագույնի հասցնի մարդկանց համար ռիսկերը։
«Խուճապը երբեք ոչ մեկի համար լավ ընկեր չի եղել: Իրավիճակը օբյեկտիվորեն գնահատելու և մեր շահերին հասնելու համար անհրաժեշտ է հավասարակշռված դիրքեր պահպանել»,- ասել է Երմակը։Նրա խոսքով՝ Ուկրաինան մենակ չի մնում ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում, քանի որ իշխանությունները զգում են աջակցությունը եվրոպական երկրներից և Միացյալ Նահանգներից։
Նա նաև բովանդակալից է անվանել Վլադիմիր Զելենսկու հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ նախորդ օրը և նշել, որ Ուկրաինան ստացել է խաղաղության հաստատման դիվանագիտական ջանքերին ԱՄՆ-ի աջակցության երաշխիքներ։
«Մենք ևս մեկ անգամ հավաստիացումներ ստացանք, որ առանց Ուկրաինայի մասնակցության Ուկրաինայի վերաբերյալ հարցեր չեն լինի։ Դա վերաբերում է նաև ՆԱՏՕ-ին և համաեվրոպական անվտանգությանը մասնակցելու մեր հեռանկարներին»,- ասել է Երմակը։