Պեսկովը խոսել է Էրդողանի՝ Ուկրաինայի շուրջ առաջարկի մասին
Կրեմլը ողջունում է ցանկացած երկրի ջանքերը Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար, եթե Թուրքիան կարողանա ազդել Կիևի վրա և դրդել նրան կատարել իր պարտավորությունները մինսկյան համաձայնագրերով, ապա դա կարելի է միայն ողջունել, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք ողջունում ենք ցանկացած երկրի ջանքերը, որոնք կարող են օգնել Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը։ Ռուսաստանի և Ուկրաինայի հիմնական տարաձայնությունները կապված են հենց Կիևի կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարման գործընթացի կասեցման հետ։ Եթե մեր թուրք գործընկերները կարողանան ազդել ուկրաինացիների վրա և խրախուսել նրանց կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները և պարտավորեցնել, ապա դա կարելի է միայն ողջունել»,- Պեսկովի հայտարարությունը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հրավիրել է Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին այցելել Թուրքիա՝ քննարկելու և լուծելու տարաձայնությունները։