Պուտինն ու Ալիևը քննարկել են Ուկրաինանի և Ղազախստանի խնդիրները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու ուկրաինական կարգավորման խնդիրները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ, հաշվի առնելով Ալիևի վերջին այցը Ուկրաինա, քննարկվել են ներուկրաինական կարգավորման հարցերը։ Պուտինը խոսել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ շփումների մասին՝ Ռուսաստանի անվտանգության ապահովման երաշխիքների տրամադրման հարցերով։
Բացի այդ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Ղազախստանում տիրող իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ղազախստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ մտքերի փոխանակության ընթացքում գոհունակություն է հայտնվել, որ իրավիճակը արագորեն կայունացել է, մասնավորապես՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի առկայության շնորհիվ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հավելվում է, որ հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման մտադրությունը։