Կարծում եմ՝ օրերի հարց է, որ Աշոտ Մինասյանը լինի ազատության մեջ. նա դասական իմաստով քաղաքական հետապնդման զոհ է. Վարդևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակն այս ընթացքում քայքայվել է, դեռևս չի ապաքինվել, որ կարողանա առօրյա աշխատանքային ռեժմի մեջ լինի: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Ամեն դեպքում նա հույս հայտնեց, որ Արմեն Չարչյանը կմասնակցի ԱԺ առաջիկա նիստերին։
«Վստահ եմ, որ Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հետևողական կլինի ու իրավական գործընթաց կսկսվի պատգամավորին ոչ հիմնավոր կերպով կալանավորելու, առողջական վիճակը վատացնելու փաստով»,-ասաց Արամ Վարդևանյանը:
Ինչ վերաբերում է հրամանատար Աշոտ Մինասյանին, ապա պատգամավորը վստահեցնում է, որ հրամանատարի նկատմամբ մեղադրանքը անհիմն է։
«Դատախազության հայտարարության արդյունքում հրամանատար Աշոտ Մինասյանը դասական իմաստով քաղաքական հետապնդման զոհ է: Ստացվում է՝ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ չեն կալանավորվում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով, բայց Մինասյանը կալանավորվում է»,- ասաց Վարդևանյանը:
Նա հիշեցրեց, որ դատախազությունը ի պատասխան իր հարցմանն ասել է, որ վերջին 4-5 տարում 10-15 հոգի է կալանավորված այդ հոդվածով:
«Սա իմ ասածի հաստատումն է: Հասկանո՞ւմ եք, թե քանի քրեական գործեր են հարուցվել այս ժամանակահատվածում 235-րդ հոդվածով (ապօրինի զենք պահել-խմբ), նաև հաշվի առնելով հետպատերազմյան շրջանը»,- նշեց Վարդևանյանը:
Նա ընդգծեց, որ զենքի քանակը որևէ նշանակություն չունի:
«Կարծում եմ՝ բոլոր դեպքերում օրերի հարց է, որ Աշոտ Մինասյանը պետք է լինի ազատության մեջ»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը: