Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը չերկարաձգելը պայմանավորված է եղել օգուտների ու վնասների հաշվարկով. Թունյան
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը չերկարաձգելը պայմանավորված է եղել ոչ թե Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորմամբ, այլ օգուտների ու վնասների հաշվարկով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:
«Խորհրդարանականները չեն քվեարկել դրա համար, մենք մեր կարծիքն ենք ասել: Մենք չենք ասել՝ պետք է երկարաձգել, կամ ոչ։ Ընդամենն ասել ենք, որ երկարաձգելու պարագայում անհրաժեշտ է հիմնավորումներ ներկայացնել: Իսկ դժգոհությունների մասով՝ բոլորին պարզ է, որ այդ արգելքն ավարտվում է տարվա վերջին, այսինքն՝ եթե պետք է երկարեցվեր, ուրեմն, պետք էր համապատասխան որոշում կայացնել:
Ես համաձայն եմ, որ որոշումը պետք է կայացվեր, ու այդ մասին պետք էր հայտարարել ավելի շուտ, բայց ի սկզբանե բոլորն իմացել են, որ տարին վերջանում է, արգելքը կարող է երկարացվել, կարող է՝ ոչ: Երկու տարբերակն էլ մարդիկ իրենց աչքի առաջ ունեցել են:
Այստեղ խնդիրն այլ է. հատկապես տեղական արտադրողները, որոնց ձեռնտու էր այդ արգելքի երկարաձգումը, կարծում էին, որ այն չի երկարեցվելու. դա էին հուշում տարբեր հայտարարություններ, հարցազրույցներ:
Սա ևս մի լավ առիթ է՝ հասկանալու, որ մեր հայտարարությունները կարող են սպասումներ ձևավորել, և դա հետո, գուցե, խնդիր առաջացնի»,-գրել է Թունյանը: