Բենզալցակայանի վրա հարձակման եւ աշխատակցին սպանելու համար ձերբակալված անձանցից մեկը դասակի հրամանատար է
Երեւանի Մյասնիկյան պողոտայում դեկտեմբերի 21-ին բենզալցակայանի տարածքում նույն բենզալցակայանի աշխատակցի նկատմամբ տեղի ունեցած ավազակային հարձակումը բացահայտվել է, գործով երկու անձ ձերբակալվել է:
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ դիմակավորված 2 անձ, ուրիշի գույքը ավազակային հարձակման եղանակով հափշտակելու դիտավորությամբ, ատրճանակով ու դանակով զինված, 2015 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 04:50-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մյասնիկյան 20/1 հասցեում գործող բենզալցակայանի տարածքում, նույն բենզալցակայանի աշխատակից Ա.Մարտիրոսյանի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել են գումար:
Վերջինիս կողմից դիմադրության արժանանալով՝ դանակով եւ ատրճանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ա.Մարտիրոսյանի գլխին ու մարմնի տարբեր մասերին եւ դիմել փախուստի: Ա.Մարտիրոսյանն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 08:00-ի սահմաններում մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 14-րդ կետերի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են կատարված ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ, առերեւույթ հանցագործություն կատարած 2 անձանց ինքնությունը, ովքեր Երեւանի բնակիչներ են, 1986թ. ծնված: Կասկածյալները դեկտեմբերի 24-ին հայտնաբերվել են եւ ձերբակալվել։
Նշենք, որ ձերբակալված անձանցից մեկը դասակի հրամանատար է: