Ղազախստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանվել է ահաբեկչական սպառնալիքի «կրիտիկական կարմիր» մակարդակ
Ղազախստանում, որտեղ հունվարի 2-ից բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում, ահաբեկչական սպառնալիքի կրիտիկական, «կարմիր» մակարդակ է հայտարարվել։
Այժմ իրավապահները կարող են խուզարկություններ իրականացնել, մուտք գործել ցանկացած տարածք և սահմանափակել երթևեկությունը։ Բացի այդ, Ղազախստանի տարածքում 70 շուրջօրյա անցակետ է տեղադրվել, հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«2022 թվականի հունվարի 6-ին Նուր-Սուլթան քաղաքում Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ, գեներալ-մայոր ԷՍագիմբաևի մոտ տեղի է ունեցել Ահաբեկչության դեմ պայքարի հանրապետական օպերատիվ շտաբի նիստ։
Նախագահի, շտաբի պետի հրամանով, Ղազախստանի Հանրապետության Նախագահի հետ համաձայնությամբ, Ղազախստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանվել է ահաբեկչական սպառնալիքի «կրիտիկական կարմիր» մակարդակ։ Երկրի բոլոր շրջաններում հաստատվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ»,- մեջբերում է «Կազինֆորմ» գործակալությունը Ազգային անվտանգության կոմիտեի հաղորդագրությունը։
Բոլոր շրջանները գտնվում են ուժեղացված պաշտպանության ներքո։ Երկրի տարածքում գործում է շուրջ 70 հսկիչ անցակետ։