Մարտից արգելվելու է ծխախոտի օգտագործումը բոլոր փակ և բաց տարածքներում․ Նիկոլ Փաշինյան
Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ծխախոտի ցուցադրման արգելքը վաճառասրահներում։ Արգելվելու է ծխախոտային արտադրատեսակների և դրանց պատկանելիքների, փոխարինիչների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, բացառությամբ օդանավակայանի անմաքս առևտրի խանութները։
Այսօր, կառավարության 2022 թվականի առաջին նիստւմ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արդեն մարտից արգելվելու է ծխախոտի օգտագործումը բոլոր փակ և բաց տարածքներում՝ ներառյալ բացօթյա սրճարաններում և այդպես շարունակ։
«Մեր բոլոր տնտեսվարողները պետք է պատրաստվեն սրան, եւ ես կոչ եմ անում երեխաներին եւ ոչ միայն նրանց՝ տներում եւս արգելել ծխախոտի օգտագործումն իրենց ծնողներին, որպեսզի այս քաղաքականությունը լիարժեք տեղ հասնի»,- նշեց Փաշինյանը։
Նա հորդորեց տեսչական մարմիններին ապահովել այս ամենի խիստ վերահսկումը, որպեսզի կարողանանք հասնել արդյունքների։