Կառավարությունը ԶՊՄԿ-ի 15 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնեց ԱՆԻՖ-ին
Առաջին անգամ պետությունը ունի բաժնեմաս «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի` ՀՀ սեփականություն հանդիսացող 15 % բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը:
«Այս գործարքը շատերին կասկածելի է թվացել: Այն, որ պետությունն իր հիմնական ռազմավարական ակտիվից երկար տարիներ զրկվում էր ու զրկված է եղել, դա, փաստորեն, կասկածելի չէ, իսկ այն, որ պետությունը ձեռք է բերել, ոմանք փորձում են դրա մեջ կոռուպցիոն հետքեր ու գործարքներ գտնել: Կոռուպցիայի արդյունքում պետությունը ոչ թե ստանում է, այլ՝ պետությունը կորցնում է, դա մենք տեսել ենք երկար տարիներ»,-ասաց նա:
Փաշինյանը նշեց, թե ՀՀ կառավարությունը ԶՊՄԿ-ում կունենա ներկայացուցիչ:
Հիշեցնենք՝ սեպտեմբերին «Գեոպրոմայնինգին» պատկանող «Արդյունաբերական ընկերությունը» ձեռք էր բերել ԶՊՄԿ բաժնետոմսերի 60 տոկոսը, այնուհետև` 15%-ը նվիրել ՀՀ կառավարությանը։
Նշենք նաև, որ ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամի պաշտոնում քննարկվում է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածության հարցը։