ԱՄՆ-ում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային՝ 1 միլիոն դեպք
Առաջին անգամ ԱՄՆ-ում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան մեկ միլիոն դեպք, սա բացարձակ ռեկորդ է։
Ինչպես ընդգծում է Agence France-Presse-ը, սա նաև համաշխարհային ռեկորդ է։ Ընդհանուր առմամբ, համաճարակի ընթացքում ավելի քան 56 միլիոն ամերիկացի վարակվել է կորոնավիրուսով, նրանցից 827,7 հազարին չի հաջողվել փրկել։
Միացյալ Նահանգներում հիվանդության աճ է գրանցվում, քանի որ նոր օմիկրոն շտամը, որը համարվում է ավելի փոխանցելի և դիմացկուն, տարածվում է ավելի արագ:
Այսպես, անցյալ շաբաթվա վերջին հաղորդվեց, որ Նյու Յորք նահանգում կորոնավիրուսով հոսպիտալացվածների թիվը գործնականում կրկնապատկվել է՝ եթե դեկտեմբերի 21-ին եղել է 4452, ապա Ամանորին՝ 8451։
Ինչպես կանխատեսում է ամերիկացի գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին, ԱՄՆ-ում ընթացիկ ալիքը կարող է գագաթնակետին հասնել հունվարի վերջին։