Քաղաքաշինության նախարարն ուրախ է, որ «Կուկուռուզնիկ»-ի տեղում ոչինչ չի կառուցվել
ՀՀ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը Երևանի Կրկեսի շենքի կառուցապատման աշխատանքերի մասին չի կարող խոսել. նախարարությունը գործառույթ չունի, սակայն գիտի, որ դա բավական բարդ օբյեկտ է՝ իր տեխնոլոգիական մասով, և այնտեղ շատ մասնագետներ հրավիրված են դրսից:
Այս մասին նա ասաց լրագրողների հետ հանդիպմանն ժամանակ:
«Այնտեղ կան ինժեներական բարդ հարցեր, որոնց մասնագետները Հայաստանում չկան: Այդ մասով նախագծերն իրականացվում են Հայաստանից դուրս, մասնավորապես՝ Ռուսաստանում: Իմ տվյալներով՝ հիմնական կարկասը կավարտվի 2016թ., իսկ 2017թ. կհանձնվի շահագործման»:
Ինչ վերաբերում է Երիտասարդական պալատի («Կուկուռուզնիկ») խնդրին, որը քանդելուց հետո տարածքն այդպես էլ դատարկ մնաց, նախարարը նկատեց, որ օրակարգում այսօր ոչ մի նախագիծ այդ կառուցապատողի կողմից չկա, եղել է մրցույթ, որի արդյունքում ճապոնացի ճարտարապետ է հաղթել:
«Ես շատ ուրախ եմ, որ այդ նախագիծը չի կառուցվելու, չնայած՝ ճարտարապետները բազմաթիվ նախագծերից դա են ընտրել, բայց այդ նախագիծը ոչ մի կապ չունի Երևանի հետ: Օրենքի խնդիր կա, տուգանքների քանակն են բազմապատկում նման կառուցապատողների համար, բայց դա էլ կկիրառվի, եթե օրենքն ընդունվի»,-ասաց նախարարը: