Չինաստանը դժգոհել է Իլոն Մասկից
Starlink նախագծի շրջանակներում Իլոն Մասկի արձակած արբանյակները մոտ են եղել չինական Tiangong ուղեծրային կայանին, որը ստիպված է եղել փոխել իր թռիչքի հետագիծը, պնդում է Պեկինը, գրում է Deutsche Welle-ն։
Չինաստանի իշխանությունները երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 28-ին, հայտարարեցին, որ բողոք են ներկայացրել ՄԱԿ-ի Տիեզերական գործերի գրասենյակ՝ ընդդեմ SpaceX մասնավոր տիեզերական ընկերության, որը պատկանում է Իլոն Մասկին։ Starlink արբանյակներն արդեն երկու անգամ վտանգավոր թռիչք են կատարել չինական տիեզերակայանի մոտ, ասվում է Չինաստանի կողմից այս ամսվա սկզբին ՄԱԿ-ի տիեզերական գործակալությանը տրամադրված փաստաթղթում: Առաջին միջադեպը գրանցվել է հուլիսի 1-ին, իսկ երկրորդը՝ 2021 թվականի հոկտեմբերի 21-ին։
Երկու միջադեպերի ժամանակ էլ չինացի տիեզերագնացները գտնվել են տիեզերակայանում, ասել է Պեկինը: Չինական կողմի կարծիքով՝ դա տիեզերական գործող պայմանագրերի խախտում է։