Բաքվում Իրանի դեսպանը հայտարարել է Ադրբեջանի հետ հարաբերություններում նոր դարաշրջանի մեկնարկի մասին
Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է, որ Թեհրանը և Բաքուն նոր էջ են բացում հարևանական հարաբերություններում, գրում է Tehran Times-ը։
«Երկու երկրների ղեկավարների և դիվանագետների իմաստության շնորհիվ մենք կարողացանք հաղթահարել լարվածությունը։ Երկու բարեկամ երկրների, եղբայրական ժողովուրդների, հարևանների, մահմեդականների հարաբերություններում նոր էջ է սկսվել մեր տարածաշրջանում»,- ասել է դեսպանը։
Նրա խոսքով, այս հարցում բեկումնային է դարձել Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևի և Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը Աշխաբադում, ինչպես նաև հիշեցրել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջերս կատարած այցը Բաքու, որտեղ նա մի քանի անգամ անցկացրել է հանդիպումներ։
«Բաքվում բանակցություններն արդյունավետ էին։ Հանդիպումից հետո Իրանի արտգործնախարարն ասել է, որ այցի ընթացքում շատ լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման համար»,- ասել է Մուսավին։