Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանում խաղաղություն են ուզում. Ղարիբաշվիլի
«Մենք հիանալի հնարավորություն ունենք օգտվելու տարածաշրջանում ստեղծված իրավիճակից։ Պատճառը, թե ինչու եմ սա ասում, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումն է։ Նրանք երկուսն էլ տարածաշրջանում խաղաղության կողմնակից են»։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով՝ Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը շահագրգռված են, որ երկրների հարաբերություններն անցնեն նոր մակարդակի, ինչը ենթադրում է ենթակառուցվածքային, էներգետիկ, առևտրային, տնտեսական և այլ նախագծերի քննարկում։
«Եթե մենք հասնենք նման հաջողության երեք երկրների միջև (մարդասիրական համաձայնագրի ստորագրում), ապա դա կօգնի Ադրբեջանին, Հայաստանին, Վրաստանին և ողջ տարածաշրջանին»,- ասել է Ղարիբաշվիլին: Նա նաև նշել է, որ Վրաստանը միշտ ճիշտ դիրք է գրավել տարածաշրջանում։
«Կարծում եմ՝ մենք եզակի հնարավորություն ունենք։ Անձամբ ես շատ ջերմ հարաբերություններ եմ հաստատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- ընդգծել է Վրաստանի կառավարության ղեկավարը։