ՆԱՏՕ-ն պատրաստվում է լայնածավալ զինված հակամարտության Ռուսաստանի դեմ. ՌԴ ՊՆ
Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստվում է լայնածավալ զինված հակամարտության Ռուսաստանի դեմ, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը Մոսկվայում հավատարմագրված ռազմական կցորդների և օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչների համար ճեպազրույցում։
«Դաշինքի ռազմական պատրաստվածությունն ամբողջությամբ ուղղված է Ռուսաստանի հետ լայնածավալ, բարձր ինտենսիվության զինված հակամարտության», - ասել է Ֆոմինը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի վերջին տարիների փաստաթղթերում, օրինակ, ՆԱՏՕ-ի 2019 թվականի ռազմավարության մեջ Ռուսաստանի Դաշնությունն ուղղակիորեն «առանց որևէ համարժեքի մատնանշվում է որպես կոալիցիոն անվտանգությանը սպառնացող հիմնական աղբյուր»։
Միաժամանակ, նշել է Ֆոմինը, «Հռոմի հռչակագիրը դեռ ուժի մեջ է»։ «Դրանում, մասնավորապես, որոշված է, որ Ռուսաստանն ու դաշինքը միմյանց թշնամի չեն համարում։ Այս դիրքորոշումը հաստատվել է 2010 թվականին Լիսաբոնում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի գագաթնաժողովում»,- հիշեցրել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը։