Իմ և Հայկ Մարությանի միջև հանդիպում երբեք չի եղել․ Ռոբերտ Քոչարյան
Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև իբրև թե տեղի ունեցած հանդիպման մասին տեղեկություններն անհետաքրքիր են երկրորդ նախագահի համար: Նա վստահեցնում է, որ իր և Հայկ Մարությանի միջև հանդիպում երբեք չի եղել։
Նա ասուլիսի ժամանակ նկատեց, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները չի կարելի լեգիտիմ համարել։
«Սա չեմ ասում ի պաշտպանություն Հայկ Մարությանի, իրեն չեմ ճանաչում։ Ակնհայտ է մեկ բան՝ ինքը ՀՀ-ում ուներ մեծ, երևի 100 տոկոսանոց ճանաչելիություն։ Սա փաստենք, սիրված դերասան է եղել և, միգուցե, մնացել։ Առաջին երկու տարին տպավորություն էր, թե Երևանում ընդհանրապես չկա իշխանություն, բայց վերջին տարին վարկանիշային առումով սկսել էր աճել, որոշակի պոպուլյարություն ուներ։ Սրանք փաստեր են, որ բոլորն են արձանագրում։
Այս նոր քաղաքապետին ոչ ոք չի ճանաչում։ Երբ եղել են Երևանի ավագանու ընտրությունները, միանշանակ է, որ Հայկ Մարությանի ճանաչելիությունն ավելի բարձր էր, քան վարչապետինը։ Հիմա ով ինչքան ձայն է բերել, չեմ ուզում գնահատել, բայց ցուցակն ինքն էր գլխավորում»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Ըստ նրա՝ Մարությանի հեռանալու դեպքում պետք է Երևանում լինեին ընտրություններ։
«Այս մարդուն ոչ մեկը չի ճանաչում։ Չի կարող մայրաքաղաքը ղեկավարել մի մարդ, որին ոչ ոք չի ճանաչում, կարող է լավ տղա է, ես չգիտեմ՝ ով է այդ մարդը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ լեգիտիմության դեֆիցիտ կա։
Բացի այդ, ըստ Քոչարյանի, իշխանությունը վստահ չէ, որ կարող է հաղթել Երևանում:
«Եթե իշխանությունը մի քիչ վստահություն ունենար, որ կարող է հաղթել Երևանում, կգնար ընտրությունների»,- ասաց նա։